Արցախյան երրորդ պատերազմից հետո Բերձոր էր վերադարձել և օգոստոսի 5-ի տվյալներով բնակվում էր 70 ընտանիք՝ 161 շնչով, որոնց կեսն արդեն տարհանվել է՝ պայմանավորված նրանով, որ առաջիկայում կգործարկվի նոր միջանցք՝ Ստեփանակերտ-Գորիս այլընտրանքային երթուղու հատվածում:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:
«Բնակչության մի մասն արդեն տեղափոխվել է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի բնակավայրեր, մի մասն էլ իրերն արդեն հավաքել և սպասում է տրանսպորտային խնդիրների կարգավորմանը: Պատերազմից հետո Բերձորում բնակվողները հոգեպես ծանր ընդունեցին տարհանվելու լուրը: Գերեզմաններից նույնիսկ աճյուններն են հանում, տեղափոխում, քանի որ գիտեն՝ թշնամին կպղծի»,- ասել է Ն. Ալեքսանյանը:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։