Այսօր դարձյալ բեռնատարների վարորդները փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիանի հատվածը։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց Սիսիան համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը:
Վերջինս հայտնեց, որ վարորդների դժգոհության և բողոքի ակցիա իրականացնելու պատճառը ճանապարհներին տեղադրված կշեռքն է։ Նրանք պահանջում են փոխել թույլատրելի առավելագույն քաշը՝ 26 տոննայից հասցնելով 28-ի։
Սիսիան համայնքի ժամանակավոր պաշտոնակատարը նաև հաղորդեց, որ իրավապահներն այս պահին բանակցություններ են վարում վարորդների հետ՝ ճանապարհը բացելու նպատակով:
Նշենք, որ այս պահին Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին հերթեր են գոյացել: Հավելենք նաև, որ ճանապարհը միակողմանի բաց է միայն մարդատար մեքենաների համար:
Սյունիքի մարզպետարանից Armenia Today-ին փոխանցեցին, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը չի հանդիպել ճանապարհը փակած բեռնատարի վարորդների հետ. նա մասնակցում է Կապանի օրվա առթիվ անցկացվող հանդիսավոր նիստին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ բեռնատարների վարորդները կրկին փակել էին միջպետական ճանապարհը: Սիսիան քաղաքի բեռնատարների կշռման անցակետում վարորդները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով վերանայել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի սահմանած նորմերը։
Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է, որ հանրապետությունում մեծ թափով իրականացվող ասֆալտապատմանը զուգահեռ գերբեռնված մեքենաները վնասում են ճանապարհները, ուստի մշակվում են նոր նորմեր:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն է մշակվում, ըստ որի՝ մինչև 3 տոննա գերբեռնվածության համար վարորդը 200.000 դրամով կտուգանվի, դրանից հետո յուրաքանչյուր ավելի ամեն տոննայի համար կլինի ևս 200.000 դրամ:
Տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 26 տոննա է պետությունը փորձում սահմանել, ինչին դեմ են բեռնատարների վարորդները: