«Սուրմալու» առևտրի կենտրոնում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
«Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողները, «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպության կամավորները։
Պայթյունի ենթադրյալ վայրում իրականացնում ենք որոնողական աշխատանքներ․ փլուզման վտանգով պայմանավորված՝ փրկարարների անվտանգությունն ապահովելու համար իրականացրել ենք ամրաշինական աշխատանքներ` որոնումները նկուղային հարկում շարունակելու նպատակով»,- գրել է նա։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։