Վարչական դատարանը բավարարել է մեր հայցը և վաղը՝ ժամը 17։00-ին մեր հանրահավաքը լինելու է Հանրապետության հրապարակում։ Այս մասին վարչական դատարանի բակից հայտարարել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Մենք հաղթել ենք այս դատը։ Հանրահավաքը լինելու է։ Սա ցույց է տալիս, թե մենք ինչպես ենք հետևողականորեն պայքարում մեր նպատակների համար»,-հայտարարեց նա։
Նշենք, որ Ղազարյանը դատական հայց էր ներկայացրել քաղաքապետարանի կողմից օգոստոսի 23-ին հանրահավաքի արգելման որոշման դեմ։
Նշենք, որ օգոստոսի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ղազարյանը հայտարարեց, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու երրորդ տարբերակն օգոստոսի 2-ից հետո է ծագել, երբ լրացել է վարչապետի պաշտոնում նրա վերընտրվելու մեկ տարին, և ԱԺ պատգամավորների 1/3-ն իրավունք ունեն անվստահություն հայտնելու նրան։
Այնուհետև, Էդգար Ղազարյանը դիմեց առաջին գումարման Գերագույն խորհրդի բոլոր պատգամավորներին, ովքեր ողջ են և ՀՀ-ում են, և խնդրեց, որ օգոստոսի 23-ին հավաքվեն Մելիք Ադամյան 1 հասցեում գտնվող կառավարության շենքի նիստերի դահլիճում, որտեղ 32 տարի առաջ իրենք ընդունել են մեր պետության հիմնադիր փաստաթուղթը՝ ՀՀ անկախության հռչակագիրը։