Կինոռեժիսոր, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի վերջին բնակիչը գյուղից դուրս է եկել օգոստոսի 21-ին։ Արշակ Զաքարյանը որպես կամավոր էր մեկնել Աղավնո՝ գյուղացիներին օգնելու նպատակով: Նա Աղավնոյում է եղել օգոստոսի 20-ին։ Իր հեռանալուց հետո Աղավնոյի նաև վերջին բնակիչն է դուրս եկել:
Զաքարյանն Armenia Today-ի հետ զրույցում պատմեց, որ Արցախի տարածքային և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը գյուղացիներին մինչև օգոստոսի 25-ն էր գյուղից դուրս գալու վերջնաժամկետ տվել, բայց Աղավնոյի բնակիչներն ավելի շուտ են հեռացել:
«Գյուղացիներն սպասում էին, որ օգոստոսի 22-ին իրենց բնակարանների սերտիֆիկատները տային և հետո գյուղից դուրս գային: Բայց ամեն ինչ արվեց, որ վերջնաժամկետից շուտ գյուղացիները դուրս գան, որպեսզի նաև բնակարանային պահանջի հարցը չբարձրաձայնվեր»,- նկատեց նա՝ հավելելով, որ իրեն հայտնի չէ, թե Աղավնոյի բնակիչները ստացե՞լ են սերտիֆիկատները, թե՞ ոչ:
Կինոռեժիսորի փոխանցմամբ՝ բնակիչները մեծ դժվարությամբ են լքել հարազատ բնօրրանը, նրանցից երկուսն այրել են իրենց տները: Բնակիչները գյուղից դուրս են բերել պատմամշակութային կոթողները:
«Այն ժամանակ, երբ Աղավնոյում էինք, խաչքարերը, մշակութային արժեքները, որոնք կարող էին պղծվել, ոչնչացվել թուրքերի կողմից՝ որպես հայկական հետք, մարդիկ հանում էին գյուղից, այդ թվում՝ եկեղեցու խաչերը, հայտնի քանդակները և այլն։ Մի մասն ուզում էր, որ հայկական հետքը մնա Աղավնոյում, բայց գիտենք, թե ադրբեջանցիները, սովորաբար, ինչպես են վարվում այդ մշակութային արժեքների հետ»,- ներկայացրեց Armenia Today-ի զրուցակիցը:
Հասարակական գործիչը նաև հայտնեց, որ Աղավնոյի բնակիչներն իրենց հարազատների գերեզմանների արտաշիրիմում են կատարել և տեղափոխել։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով տեղեկացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը Քաշաթաղի շրջանի Լաչին քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղի բնակիչները լքեն իրենց տները։ Ադրբեջանական կողմն այս պահանջը ներկայացրել է Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի՝ իր հատվածի շինարարությունն ավարտելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել էր, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։