Սեպտեմբերի 1-ից կբարձրանա կենսաթոշակի և նպաստի չափը: Համապատասխան որոշում ընդունեց կառավարությունը օգոստոսի 24-ի նիստի ժամանակ:
Որոշումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, պահյմանավորված է նրանով, որ բավականին լավ տնտեսական ցուցանիշներ են գրանցվել: Պետական եկամուտները հարկային եկամուտների մասով գերակատարվել են ավելի քան 70 միլիարդ դրամով:
«Որոշումը, որ պետք է ընդունեինք 2023 թվականի հունվարի 1-ից, որոշեցինը ընդունել 2022 թվականի սեպտեմբերի 1-ց»,- ասաց վարչապետը:
Այսպիսով՝ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սեպտեմբերի 1-ից 21000 դրամ կդառնա 18000 դրամի փոխարեն: Զինվորական կենսաթոշակ 20 000 դրամ կդառնա 18 000 դրամի փոխարեն: Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա մինչև 30 500 դրամ՝ նախկին 28 600 դրամի փոխարեն: Իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը առաջին խմբի հաշմանդամի համար 45 000 դրամ է (43 000 դրամի փոխարեն), երկրորդի համար՝ 35 000 դրամ (33 000 դրամի փոխարեն), իսկ երրորդի համար՝ 32 000 դրամ (30 000 դրամի փոխարեն):
Իսկ մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 32 000 դրամ կդառնա՝ գործող 30 000 դրամի փոխարեն։
Այսպիսով, աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3100 դրամով կամ 7,1 տոկոսով, զինվորական կենսաթոշակները՝ 5 200 դրամով կամ 6,8 տոկոսով:
Նշենք, որ բարձրանում է նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 30 500 դրամ (28600 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 39 000 դրամ (37000 դրամի փոխարեն)։