Ադրբեջանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին «գործնականում չգործող Մինսկի խմբին» վերակենդանացնելու փորձերից, քանի որ դա կհանգեցնի Վաշինգտոնի հեռացմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլլաևին:
Աբդուլաևան ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի որոշումը՝ Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների ավագ խորհրդական նշանակելու մասին, «զարմանք է առաջացնում, քանի որ ցուցադրում է տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրականությունից հեռու մոտեցում»:
Աբդուլաևայի խոսքերով, Բաքվի դիրքորոշումը Մինսկի խմբի վերաբերյալ բազմիցս և հստակ արտահայտվել է ամենաբարձր մակարդակով:
«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է, և Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ մեր գործընկերները, պետք է հասկանան, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների փոխկապակցումը ղարաբաղյան հարցի հետ ոչ մի կերպ չի ծառայում կարգավորմանը», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը։
Բլինկենն ավելի վաղ Ռիկերին նշանակել էր Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական։ Այդ պաշտոնում Ռիքերը կկատարի նաև ԱՄՆ-ի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և Ժնևի միջազգային քննարկումներում ԱՄՆ-ի պատվիրակության առաջատար բանակցողի գործառույթները, հստակեցրել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը: Գերատեսչությունում նշել են, որ Ռիկերը փոխգործակցելու է ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ, օրինակ, ԵՄ-ի հետ, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերի շրջանակներում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսություն հաստատվի: