Թուրքիան ողջունել է Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն»։ Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ Թուրքիայի ԱԳՆ-ին հղումով։
Անկարան հայտարարել է, որ Աղավնոյի և Բերձորի անցումը Ադրբեջանի վերահսկողության տակ «կնպաստի տարածաշրջանային կարգավորմանը, ինչպես նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը»:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին կադրեր, որտեղ երեւում է, թե ինչպես են ռուս խաղաղապահները ապամոնտաժում Լաչինի միջանցքի անցակետը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով տեղեկացրել էր, որ մինչև օգոստոսի 25-ը Քաշաթաղի շրջանի Լաչին քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղի բնակիչները լքեն իրենց տները։ Ադրբեջանական կողմն այս պահանջը ներկայացրել էր Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի՝ իր հատվածի շինարարությունն ավարտելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել էր Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել էր Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել էր, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։