Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի դրույթները: Այս մասին հայտնել է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը։
«Նախարարը Սալիվանին ասել է, որ Իսրայելը դեմ է միջուկային համաձայնագրին, որը ներկայացվել է համապատասխան կողմերին, և առանձնացրել է մի շարք դրույթներ, որոնք վճռորոշ նշանակություն ունեն Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը կանխելու համար», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Գանցը նաև քննարկել է Իսրայելի, ԱՄՆ-ի և տարածաշրջանի երկրների միջև պաշտպանական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:
Սալիվանի հետ բանակցություններում Իսրայելի նախարարը «նաև ընդգծել է օպերատիվ ներուժի պահպանման և զարգացման կարևորությունը ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական նպատակների համար՝ ի դեմս Իրանի միջուկային ծրագրի, ինչպես նաև նրա տարածաշրջանային ագրեսիայի»:
Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարը ԱՄՆ է ժամանել հինգշաբթի և նույն օրը Ֆլորիդայում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավարության հետ, որտեղ քննարկվել է երկու երկրների և Մերձավոր Արևելքի պետությունների միջև անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումը: