Արցախի իշխանությունները հայտարարել են օգոստոսի 30-ից Հայաստանի հետ նոր երթուղով հաղորդակցության մեկնարկի մասին։ Որոշումն ընդունվել է Արցախի Անվտանգության խորհրդի նիստում, որը վարել է հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվել է, որ, 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն, նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: Երթուղին Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են:
Նիստի մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են նոր ճանապարհի անվտանգային հարցերի ու քաղաքաշինական նորմերի հետ կապված անհրաժեշտ երաշխիքների ապահովումը և այդ ուղղությամբ պետական համապատասխան կառույցների ու Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության փոխգործակցված աշխատանքի կարևորությունը:
Շահագրգիռ քննարկման արդյունքում Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով:
Ավելի վաղ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցքի նոր երթուղին կգործարկվի սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։