Թուրքիան հոկտեմբերի 7-ից 40 տարվա ընթացքում առաջին անգամ կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցնելու վճարը, ընդ որում՝ միանգամից 5 անգամ: Այդ գումարի մեջ մտնում են փարոսի, նավերի տարհանման և բուժսպասարկման վճարները։
Այսպիսով, այդ ուղղությամբ տարեկան եկամուտը Թուրքիայի համար 40 մլն դոլարից կաճի մինչև 200 մլն, հաղորդում է Sabah թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի տրանսպորտի նախարարության աղբյուրները։
Պարբերականը նշում է, որ այս բարձրացումը նախատեսված է 1936 թվականի Մոնտրեի կոնվենցիայով, որը կարգավորում է նեղուցների գոտում նավարկությունը:
Sabah-ը գրում է, որ գումարի գանձման նախկին համակարգի վերացման շնորհիվ, որը ներդրվել է 1983 թվականին, վերացվելու է «անարդարությունը», որին Թուրքիան բախվել է վերջին տարիների ընթացքում: