«Հրապարակ» թերթը գրում է. ««Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ ահազանգելով տարբեր համայնքներում իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց թեկնածուների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին։
«Մարզերում իշխանության ներկայացուցիչներն ամբողջ ուժով զբաղված են «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուներին, մանավանդ՝ կին մանկավարժներին, ահաբեկելու անիմաստ փորձերով»։
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` Ազգային ժողովի 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանը կմեկնարկի իշխանության համար շրջադարձային զարգացումներով: Ընդդիմությունը քննարկում է սեպտեմբերի երկրորդ շաբաթում Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացը մեկնարկելու հարցը: Վերջնական որոշում կկայացվի սեպտեմբերի 2-ին` «Դիմադրության» շարժման հանրահավաքի արդյունքներից հետո:
Իհարկե, այս գործընթացը միս ու արյուն կստանա այն ժամանակ, երբ ՔՊ-ական պատգամավորների շարքում գտնվեն անհրաժեշտ ձայներ: Իսկ որ այդպիսիք կան, վստահ են մեր իշխանական աղբյուրները: Մնում է պարզել, թե ով է լինելու ՔՊ-ական այն առաջին «դուխով» պատգամավորը, ով կհայտարարի խմբակցությունից դուրս գալու եւ ընդդիմությանը միանալու մասին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ օրս հայտնի չէ, թե երբ է ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր հավատարմագրերը հանձնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Սովորաբար, դեսպանը ծառայության երկիր ժամանելու հաջորդ օրերին գնում է ԱԳՆ եւ հանձնում հավատարմագրի պատճենը, որից հետո՝ 1-2 շաբաթվա ընթացքում, դեսպանընկալ երկրի ղեկավարի աշխատակազմից հայտնում են, թե երբ է նա ընդունելու նոր դեսպանին:
Արդեն 8 ամիս է, ինչ ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում է, սակայն հավատարմագրերի ընդունման օրը դեռ ռուսական կողմից նշանակված չէ, եւ սա արտառոց դեպք է»:
«Իրավունք» թերթը գրում է. «Այս օրերին մինչ դատարկվում էին Բերձորն ու Աղավնոն, պարզվում է՝ քեֆերի մեջ է եղել Նիկոլ Փաշինյանը:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ օգոստոսյան կիրակիներից մեկը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս, գյուղացիներից մեկից գնել է վեց գառ ու հենց այնտեղ էլ կերուխում կազմակերպել տեղի ակումբում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե եւս մեկ անգամ նրանք հանդիպելու են։