Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել։
«️Ինչպես և պայմանավորվել էինք մայիսին մեր վերջին հանդիպման ժամանակ, այսօր ես ընդունել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին։ Սա նման ձևաչափով մեր չորրորդ քննարկումն էր։ Մեր քննարկումները կենտրոնացած էին Հարավային Կովկասի վերջին իրադարձությունների և ԵՄ-ի և երկու երկրների միջև հարաբերությունների վրա»,-նշել է Միշելը՝ հավելելով, որ մտքերի փոխանակումը եղել է բաց և արդյունավետ, և ինքը դրա համար շնորհակալ է երկու երկրների առաջնորդներին։
Ըստ Միշելի՝ ուրախալի է տեսնել, որ բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն առաջ մղելու ուղղությամբ։
«Այսօր մենք պայմանավորվեցինք ակտիվացնել առարկայական աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղ պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և հանձնարարեցինք արտաքին գործերի նախարարներին տեքստերի նախագծերի մշակման համար մեկամսյա ժամկետում հանդիպել:
Մենք նաև մանրամասն քննարկեցինք հումանիտար հարցերը, ներառյալ ականազերծումը, գերիներին և անհայտ կորածների ճակատագիրը»,-նշվում է հայտարարության մեջ։ ԵԽ նախագահ Միշելը կարևորել է հայ գերիների ազատ արձակուը: ԵՄ-ն կշարունակի զբաղվել այդ հարցերով։
«️Մենք դիտարկել ենք սահմանազատման հարցերի հետ կապված բոլոր հարցերը, և թե ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ: Պայմանավորվեցինք, որ սահմանային հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին Բրյուսելում։
Ծանոթացանք տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման պայմանների քննարկման ընթացքին: Այս բոլոր բանավեճերում ես կցանկանայի ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչությանը նախապատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության: Հրապարակային հայտարարությունների փոխանակումը վճռորոշ նշանակություն ունի այս հարցում. նման նրբանկատ իրավիճակում հրապարակավ ասված յուրաքանչյուր խոսք ակնհայտորեն լսվում է մյուս կողմից և կշռադատվում։ ԵՄ-ն պատրաստ է երկարաժամկետ կայուն խաղաղության համար շարունակել ամրապնդել իր աջակցությունը։ ԵՄ-ն նաև շարունակելու է պնդել, արագացնել տնտեսական զարգացումը՝ ի շահ երկու երկրների և նրանց բնակչության. մենք պայմանավորվել ենք նման ձևաչափով կրկին հանդիպել մինչև նոյեմբերի վերջ»,-նշվում է հայտարարության մեջ։