«Հրապարակը» գրում է․ «Նախօրեի գիշերը Արարատի մարզի Վեդի համայնքի կայարանում թուրքերեն խոսող մի քանի տղամարդ հայկական կոնյակով խրախճանք են կազմակերպել, խմել, ռեպլիկներ նետել հայերի հասցեին՝ գրավելով Վեդու բնակիչների ուշադրությունը: Կարճ ժամանակ անց մոտ 2-3 հարյուր մարդ է հավաքվել տեղում, «տուրիստները» փորձել են ծածանել նաեւ Թուրքիայի դրոշը, ինչից հավաքվածները վրդովվել են, քաշքշուկ է սկսվել։ Ականատեսներից մեկի պատմելով՝ չնայած առաջին իսկ պահից ոստիկաններ են եղել տարածքում, սակայն նրանք պասիվ դիտորդի պես հետեւել են ծավալվող իրադարձություններին եւ խառնվել են միայն այն ժամանակ, երբ բանը հասել է ծեծկռտուքի։ Բերման են ենթարկել թուրքերեն խոսող տղամարդուն ու կնոջը։
Ավելի ուշ քննչականից հայտնեցին, որ բերման ենթարկվածներն ամուսիններ են` Թուրքիայի քաղաքացիներ, թե ինչպես են հայտնվել Վեդիում եւ ինչ են ցանկացել անել, կատարվածի հանգամանքներն իրավապահները պարզում են»։