Իրանի հետ առևտրաշրջանառությունն այս տարի անցած տարվա համեմատությամբ բավականին աճել է։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը «Հայ-իրանական գործարար համաժողովի» ժամանակ։
«Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի համար կազմել է մոտ 307 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37,3%- ով։ Մենք ակնկալում ենք, որ 2022 թվականի երկրորդ կիսամյակում կունենանք ավելի ինտենսիվ աճ։ Ե՛վ կառավարությունը, և՛ նախարարությունը, և՛ Իրանի դեսպանատունը միասին փորձում են նախադրյալներ ստեղծել դրա համար»,- հայտնեց փոխնախարարը։
Պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե դեղերի ու սարքավորումների համատեղ արտադրության ուղղությամբ ի՞նչ զարգացումներ կան, Արզումանյանն ասաց, որ Հայաստանից արտահանման համար մի ամբողջ էկոհամակարգի ցիկլ է նախատեսվում։ Նաև իրանցի գործարարնեերի փորձը օգտագործելու և ճիշտ ռեսուրսների վրա դնելու աշխատանքնեեր են կատարվում։
Փոխնախարարը հայտնեց, որ համաժողովից նույնպես ակնկալինքեր կան, դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելու, հայկական արտադրողների ու արտահանողների համար նոր շուկաներ գտնելու ուղղությամբ՝ նշելով, որ Իրանի շուկան պատմականորեն շատ կարևոր շուկա է Հայաստանի համար։
Խոսելով տնտեսական դիվանագիտության մասին, Արզումանյանն ասաց, որ դրա կարևորագույն կոմպոնենտը առևտրի ներկայացուցիչների և կցորդների ինստիտուտի կայացումն է։
«Կուզենայի Իրանում մեր առևտրային կցորդի հաջողությունը գրանցել։ Եթե նայում ենք 2020-21 թվականների առևտրաշրջանառությունը մեր այնտեղ գտնվելուց առաջ և հետո, կարող ենք ընդգծել, որ արդեն տեղում ունենք հաջողություններ։
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրավերով Հայաստանում է Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամը, որի գլխավորած պատվիրակության կազմում են Իրանի գործարար համայնքի ներկայացուցիչներ։ Սեպտեմբերի 1-ին
կայացել է հայ-իրանական գործարար համաժողով։