Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով ստեղծվելիք հակակոռուպցիոն անկախ հանձնաժողի և հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթները:
Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նախատեսվում է ստեղծել կոռուպցիայի կանխարգելմամբ զբաղվող հակակոռուպցիոն անկախ մարմին, ինչպես նաև կոմիտե, որը բացահայտելու է և քննելու կոռուպցիոն հանցագործությունները:
Գլխավոր դատախազության կազմում ստեղծվելու է համապատասխան ստորաբաժանում, որը զբաղվելու է այդ քննության նկատմամբ օրինականության հսկողությամբ։ Կստեղծվեն նաև կոռուպցիոն գործերի քննությամբ զբաղվող հակակոռուպցիոն դատարաններ:
Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն անկախ մարմինը կանխարգելող նշանակություն կունենա և ակնկալում են, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կլինեն նշանակված անդամներ և մարմինը կսկսի գործել:
Ըստ արդարադատության նախարարի՝ հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ ամբողջությամբ վերանայվելու են իրավապահ համակարգում գոյություն ունեցող քննչական և օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների շարքը, կազմը և նրանց լիազորությունների ծավալը:
«Մասնավորապես` Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ Քրեական օրենսգրքում սահմանելու ենք այն բոլոր հանցագործությունների ցանկը, որոնք կոռուպցիոն բնույթ ունեն:Այդ առումով ուշադրություն ենք դարձնելու տվյալ ստորաբաժանումների կողմից մասնագիտական հնարավորությունների բարձրացմանը: Առանձին ուշադրություն ենք դարձնելու ֆինանսական հետաքննությունների իրականացմանը և միջազգային համագործակցությանը, այդ բնագավառում քննիչների և օպերատիվ հետախուզության գործունեություն իրականացնող ստորաբաժանումների, աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացմանը»,- ընդգծել է Ռուսատմ Բադասյանը:
Ռուստամ Բադասյանը հավաստիացրել է, որ չի լինելու մեխանիկական տեղափոխում. եթե Հատուկ քննչական ծառայության որոշակի ստորաբաժանումն այսօր զբաղվում է կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ, չի նշանակում, որ հաստիքները, մի տեղից կրճատելով և մյուս տեղը ավելացնելով, ուղղակի մեխանիկական փոփոխություններ են արվելու:
Նախարարի խոսքով` նույնը վերաբերվում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը և Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանմանը:
Ինստիտուցիոնալ համակարգի վերջին տարրը լինելու է հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը, որոնք զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ:
«Նախատեսում ենք, որ դատական վարույթից սկսած մինչև դատական ակտերի կայացման գործառույթները վերապահվելու է այս մասնագիտացված դատարաններին: Այդ դատարանը նաև կարող է ունենալ քաղաքացիաիրավական մասնագիտացում և քննել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը»,- եզրափակեց Բադասյանը: