Օրերս «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ներկայացրել էր «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի վերջնական դիզայն-պրոյեկտի անիմացիոն տարբերակը։ Հիմնադրամից հայտնել էին, որ նախագիծը կյանքի կոչելու վերջին քննարկումներն են։ Թույլտվությունից ու փաստաթղթերի ամբողջական կարգավորումնից հետո կսկսվեն 77,7 մ բարձրությամբ արձանի շինարարական աշխատանքները:
Armenia Today-ը հարցում անցկացրեց մայրաքաղաքում՝ հասկանալու համար՝ արդյոք քաղաքացիները տեղյա՞կ են արձանի կառուցման մասին և ի՞նչ վերաբերմունք ունեն։ Քաղաքացիների մեծ մասը տեղյակ է նախագծի մասին, սակայն ոչ բոլորն են կողմ։ Նրանք Armenia Today-ի հետ զրույցում նշում են, որ արձան կառուցելով չէ, որ պետք է դառնանք հավատացյալ: Ոմանք կողմ են և ընդգծում են, որ «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» կառուցումը կնպաստի նաև զբոսաշրջությանը։
Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հատիս լեռան վրա «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» կառուցման վերաբերյալ թույլտվություն չի տվել։ Այս մասին ասվում է Armenia Today-ի հարցմանը գերատեսչության պատասխանում։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ նախարարություն հայտ չի ներկայացվել համալիրի կառուցման նպատակով հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար, ինչպես նաև կառուցման վերաբերյալ եզրակացություն չի տրվել։
Հիշեցնենք, որ Հիսուսի բարձրադիր արձանը Հայաստանում կանգնեցնելու գաղափարը ՀՀ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանինն է։