Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ ծանուցում է ստացել: Այս մասին տեղեկանում ենք azdarar.am կայքից: Հայտը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50)՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,-նշված է ծանուցման մեջ:
Վահե Նիկոյանին ծանուցել են վաղը՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 17:00-ին ներկայանալ դատախազություն:
Ավելի վաղ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության 2022 թվականի հուլիսի 27-ին ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը. դատարանին պահանջ է ներկայացվել ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ 5 անշարժ գույքեր՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոցներ:
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին գեներալ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող թվով 28 անշարժ գույքեր, թվով 16 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.552.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև մասնակցություններ թվով 6 իրավաբանական անձերում:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ վարույթ էր ընդունվել ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի՝ «Սերժի Վաչոյի» ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումը:
Ավելի վաղ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից 16.8 մլրդ դրամի ապօրինի գույքը, ակտիվները բռնագանձելու հայցադիմումը ևս վարույթ է ընդունվել: