Նորարարական ու տեխնո գաղափարներ, դրանք իրականացնելու մեծ ցանկություն, և աշխարհն ավելի լավը դարձնելու պատրաստակամություն: Դիլիջանում մեկնարկել է երկրի գլխավոր բիզնես համաժողովը՝ Buissup global forum-ը, որը սեպտեմբերի 5-11-ը մեկ հարկի տակ կհամախմբի 50 նախագծի 200 հեղինակներին:
Մեկշաբաթյա Ֆորումի ընթացքում հետաքրքիր գաղափարներ ունեցող թիմերն ամբողջությամբ կմշակեն ու ավարտին կհասցնեն իրենց բիզնես նախագծերը: Ստարտափների ընտրության ժամանակ կազմակերպիչները հաշվի են առել ծրագրի նորարարությունն ու հայկական ծագումը։
Հայ գործարարների ասոցացիայի տնօրեն Գոհար Ղումաշյանի խոսքով` այս տարի նույնպես ունեն ծրագրեր բժշկության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռոբոտաշինության և այլ ոլորտներից:
«Մեզ համար շատ կարևոր է, որ ծրագիրը լինի ինովացիոն, իսկ ծագումնաբանությունը լինի հայկական, այսինքն՝ ծրագիրը ստեղծվի Հայաստանում, որպեսզի նպաստի տնտեսության զարգացմանը և հետագայում, ինչպես այսօր մեզ անցյալ տարվա հաղթողները հավաստեցին, մեր օգնությամբ դրանք կդառնան միջազգային և Հայաստանի պատիվը բարձր կպահեն միջազգային գործարարության ոլորտում»,- նշում է Ղումաշյանը։
Հմուտ մենթորներն այս օրերին հղկում ու կատարելագործում են ներկայացված նախագծերը, հեղինակներին փոխանցում բիզնես գիտելիքներ տարբեր ոլորտներում՝ մարկետինգ, ֆինանսներ, ծրագրի մոդելավորում և իհարկե փիչինգի ժամանակ նախագիծը նեդրողին գրագետ և ճիշտ ներկայացնելու հմտություն:
Էքսպորտ Արմենիա փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Նարեկ Ալեքսանյանն ասում է՝ նախագիծը՝ նախագիծ, բայց այն ներկայացնելու հմտությունը ևս կարևոր է:
«Թիմը պետք է պատրաստվի ներդրողի հետ համատեղ աշխատանքի, և մասնակիցներն ունեն այդ հնարավորությունը: Buissup-ը հարթակ է ներդրողի հետ համատեղ աշխատանքի»,- ասում է նա:
Յոթ օր անց պարզ կդառնա, թե քանի ստարտափ այս տարի կստանա ներդրումներ և կշարունակի իր աշխատանքն ավելի լայն թափով:
Անցյալ տարի ֆորումն ունեցել է ինը հաղթող, պորտֆելը՝ մոտ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս տարի որևէ սահմանափակում չկա. բոլոր այն գաղափարները, որոնք ունեն պոտենցիալ, կլինեն հաղթող ու ներդրումներ կստանան Հայ գործարարների ասոցիացիայից և «Տաշիր» ընկերությունների խմբից: Այդ նախագծերը կներկայացվեն սեպտեմբերի 20-ին՝ Ամենամյա գործարար երկրորդ համաժողովին:
Ինչպես կարծում է Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը, Ֆորումի հիմնական խնդիրն ապագա գործարարների համար երկխոսության հարթակի ստեղծումն ու մոտիվացիան է:
«Նպաստելով գործարարության զարգացմանը՝ մենք ներդրում ենք կատարում մեր ապագայի մեջ, իսկ ապագան սկսվում է հենց այսօր»,- շեշտում է նա։ Իգնատյանը հույս է հայտնում, որ միջոցառման մասնակիցները կկարողանան առանձնանալ իրենց նախագծերով ոչ միայն Հայաստանում, այլև այսօրվա իրողություններում զբաղեցնել իրենց տեղը միջազգային ասպարեզում։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Buissup-ի շրջանակներում հուլիսի 9-10-ը կայացել է հայ գործարարների համար նախատեսված Buissup Hackathon մրցույթի առաջին փուլը, որի եզրափակիչ անցած նախագծերը մասնակցում են Buissup Global Forum-ին, որն անցկացում է Դիլիջան քաղաքում։ Ֆորումի հաղթողների անունները կհայտարարվեն «Հայկական բիզնես ֆորում-2022» տարեկան գործարար համաժողովում` սեպտեմբերի 20-ին:
2021 թվականին ֆորումը համախմբել է շուրջ 500 մասնակցի Հայաստանից և այլ երկրներից։ Ինչպես Armenia Today-ին տված հարցազրույցում ասել էր Ղումաշյանը, Հայ գործարարների ասոցիացիան «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համագործակցության հուշագրեր է ստորագրել ֆորումի անցած տարվա հաղթողների հետ, և գրեթե բոլոր նախագծերը առաջին փուլում ստացել են ֆինանսավորում, որից հետո անցել են իրենց գաղափարների իրականացմանը։