Ադրբեջանն ուզում է տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն այնպես, որ Հայաստանը մնա շրջափակման մեջ, ինչը սպառնալիք է։ Այս մասին Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով այլ ապառնալիքների մասին՝ նա նշել է․
«Սպառնալիքներ կան նաև սահմանագծման և սահմանազատման հարցերում։ Երբ Ադրբեջանն օգտագործում է Արևելյան Զանգեզուր արտահայատությունը, բնականաբար, նկատի է ունենում, որ գոյություն ունի նաև Արևմտյան Զանգեզուր։ Այս ամենի մեջ թաքնված նկրտումներ կան։ Սահմանագծման ու սահմանազատման հետ կապված տարբեր կարծիքներ կան հատկապես քարտեզների մասով։ Մենք ասում ենք, որ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է տեղի ունենա իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա, որովհետև քարտեզը իրականում նկար է, ուր արտահայտված են իրավական ուժ ունեցող որոշումները»։
Նա նշել է, որ ամեն դեպքում, պետք է առաջ գնալ ու լուծումներ գտնել՝ լուծելով Արցախյան հարցը։