Գերմանիայի Կառլսռուե քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական պատվիրակությունը, հանդես եկավ Արցախի, արցախահայության և նրա հոգևոր–մշակութային ժառանգության վերաբերյալ հայտարարությամբ։
«Ի հետևումն 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի/Արցախի համար մղված վեց շաբաթ տևած ծանր պատերազմի՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր հանձնախումբն ընդունեց հայտարարություն՝ աղոթելով իմաստության, միասնության ու հանդարտության համար և սգալով բոլոր նրանց հետ, ովքեր «սարսափելի կորուստներ են կրել ոչ միայն սեպտեմբեր 27-ից ի վեր վերստին սանձազերծված պատերազմում, այլև՝ տարածաշրջանում ինքնորոշման համար մղված պայքարի երկար պատմության ընթացքում՝ յուրաքանչյուր թանկագին կյանքի կորստի հետ ավելի խորացնելով թշնամանքը»: ԵՀԽ-ն դատապարտել է քիմիական զենքերի և կասետային ռումբերի կիրառումը, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների ու հասարակական ենթակառուցվածքների թիրախավորումը և բոլոր այլ տեսակի պատերազմական հանցագործությունները, մարդկանց գլխատումը, կտտանքների ենթարկելը և այլ տեսակի բռնաճնշումները, որոնք արձանագրվել են հակամարտության ընթացքում: ԵՀԽ-ն նաև կոչ է արել հարգանք դրսևորել Լեռնային Ղարաբաղի/Արցախի սրբավայրերի և մշակութային ժառանգության նկատմամբ՝ նկատի առնելով այդպիսի վայրերի սրբապղծման մասին բազմաթիվ զեկույցները:
Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության դադարից գրեթե երկու տարի անց հարյուրավոր էթնիկ հայեր տակավին ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ոտնահարելով ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան Կոնվենցիան: Մինչ աշխարհի ուշադրությունը սևեռված է ուկրաինական հակամարտության վրա, ադրբեջանական ուժերը փաստացի նոր վայրագություններ են իրագործում ինչպես Լեռնայի Ղարաբաղի բնիկ հայերի, այնպես և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանների նկատմամբ, ինչի հետևանքով շարունակում են զոհվել անմեղ մարդիկ և գերեվարվել նորերը: Ավելին, պատերազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական և մարդու իրավունքերին առնչվող օրենքների ոտնահարման համար պատասխանատվության պահանջը, ինչը բազմիցս արձանագրվել է Human Rights Watch, BBC, the Guardian և շատ այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների կողմից, ցավոք չի կատարվել կամ հանձ առնվել:
Գերմանիայի Կառլսռուե քաղաքում հրավիրված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 11-րդ համագումարը՝
Դիմում է ՄԱԿ-ին, Եվրամիությանը և Ադրբեջանի իշխանություններին, միջազգային իրավունքի համաձայն, բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին անհապաղ ազատ արձակելու համար,
Կրկին մտահոգություն է հայտնում տարածաշրջանի սրբավայրերի և հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ և կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու միջազգային հանրության բոլոր անդամներին ձեռնարկել բոլոր հնարավոր և համապատասխան միջոցները այդ վայրերը պաշտպանելու համար
Կոչ է անում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի շրջանակներում բովանդակալից երկխոսություն սկսելԼեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և խաղաղ կարգավորման համար,
Խնդրում է ԵՀԽ-ին և ԵՀԽ-ի անդամ բոլոր եկեղեցիներին շարունակել հավատարիմ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի եկեղեցիների և ժողովրդի նկատմամբ քրիստոնեական համերաշխությանը՝ արդարացի և կայուն խաղաղության հասնելու իրենց ձգտման ճանապարհին: