Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II – ը մահացել է։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։
Նշվում է, որ թագուհին 96 տարեկան էր։ Նա մահացել է Շոտլանդիայի Բալմորալ դղյակում, հայտնում են Բուքինգհեմյան պալատից։
Այս տարի երկիրը նշել է նրա թագավորության 70 – ամյակը. դա Մեծ Բրիտանիայի բոլոր թագավորների և թագուհիների գահակալության ամենաերկար ժամկետն է: Եղիսաբեթ Երկրորդը աշխարհի ամենատարեց և երկար կառավարող միապետն էր։
Եղիսաբեթ II – ը երկրի պատմության մեջ թագավորների և թագուհիների շրջանում ամենից երկար է մնացել պետության ղեկավարի պաշտոնում (2015-ին նա առաջ է անցել Վիկտորյա թագուհուց), մահվան պահին եղել է նաև աշխարհի ամենատարեց և երկար կառավարող միապետը: Ողջ պատմության ընթացքում պետությունը ավելի երկար է կառավարել միայն Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը (ավելի քան 72 տարի):
Եղիսաբեթ II-ի կառավարումը բնութագրվում է նաև Բրիտանական կայսրության փլուզմամբ և այն Ազգերի Համագործակցության վերածելով. նախկին գաղութներն ու տարածքները անկախություն են ստացել: Եղիսաբեթ երկրորդը եղել է ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև մի քանի այլ պետությունների թագուհի, ներառյալ՝ Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան: Թագուհու անձնական ժողովրդականությունը առանցքային գործոն է համարվել վերջին տարիներին Մեծ Բրիտանիայում միապետության պահպանմանն աջակցելու համար, նշել է Financial Times-ը: