Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաքագրում է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից:
Շտապօգնության տարբերանշանով ու համապատասխանորեն կահավորված տրանսպորտային միջոցների թիրախավորման փաստերը ևս ստացվում են։ Նշվածը Միջազգային մարդասիրական իրավունքի և Ժնևյան կոնվենցիաների (Լրացուցիչ արձանագրություն I) կոպիտ խախտում է։
Ըստ ՄԻՊ գրասենյակի տեղեկությունների` Ճակատենի հատվածում ադրբեջանական կրակոցից խափանված շտապօգնության մեքենան գտնվում է նույն տեղում, անձնակազմը ժամանակին լքել է տրանսպորտային միջոցը։ Այս պահի տեղեկություններով շտապօգնության որևէ բրիգադ չի վնասվել։
Փաստերը կներկայացվեն միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և այլ դերակատարներին։
Բնակավայրի լուսանկարները Սոթք և Կութ համայնքներից են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Տվյալները ճշտվում են: