Ղազախստանը պատրաստամակություն է հայտնել սահմանազատման և սահմանագծման հարցում օգնել Հայաստանին։Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասաց Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին։ Փոխանցում է TACC գործակալությունը։
Նա հավելել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ֆոնին Ղազախստանից Հայաստան հնարավոր խաղաղապահներ ուղարկելու մասին խոսք չկա։
«Հարցն այդպես դրված չէ, երեկ ՀԱՊԿ արտահերթ նիստում Հայաստանի վարչապետը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի մասին։
Ընդհանուր առմամբ, տեղեկատվությունն ընդունված է։ Իհարկե, մենք ուզում էինք օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, քանի որ երկու կողմից էլ տարբեր տեղեկություններ են գալիս։ Ուստի, ընդհանուր առմամբ, պետությունների ղեկավարները որոշել են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կգնա սահմանագոտի, տեղում կստանա ամբողջական տեսլականը, ապա տեղյակ կպահի պետությունների ղեկավարներին»,- նշել է նա։
Նախարարը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ, և այդ պատճառով «դժվար է խոսել սահմանի որևէ խախտման մասին»։ Ըստ Թլեյբերդիի, առաջնային խնդիր է վերսկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանազատման համատեղ հանձնաժողովի աշխատանքը։
«Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով: Քանի որ մենք սահմանազատել ենք մեր սահմանը ցամաքային և նույնիսկ ծովային սահմանի ողջ պարագծով, սահմանազատումը գրեթե ավարտված է բոլոր պետությունների հետ, բացի Ռուսաստանից: Ռուսաստանի հետ սահմանազատման գործընթացը կտեևի ևս 2-3 տարի»,- պարզաբանել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: