Իշխանության ներկայացուցիչներն այսօր օրվա ընթացքում մի քանի անգամ փորձեցին փոխել օրակարգը։ Այս մեկ տարվա ընթացքում իշխանությունները ստեցին, որ բերելու են խաղաղություն, բերեցին նոր զոհեր, նոր տարածքային կորուստներ։ Այս իշխանությունները պարտության խորհրդանիշն են։ Այս մասին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ԱԱԾ նախկին պետ, նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ մարդիկ ինքնաբուխ հավաքվել են Բաղրամյան պողոտայում։ Անդրադառնալով հարցին, թե ինչ ներքաղաքական գործընթացներ են նախատեսվում, Վանեցյանը նշեց. «Ընդդիմադիրները ստորագրահավաք են նախաձեռնել, տեսնենք, սպասում ենք ՔՊ-ական 18 պատգամավորներին»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 105 զոհ ունի:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: