Ադրբեջանական ագրեսիայի հետ կապված ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել, գործ է հարուցվել նաև դիակապտության հոդվածով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՔԿ-ի ղեկավար Արգիշտի Քյարամյանը։
Ըստ նրա՝ այս պահին քննություն է տարվում ֆիքսելու, հստակեցնելու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները։
«Առանձնատուկ է այն, որ այդ բնակավայրերի տարածքում զինվորականներ կամ ռազմական ենթակառուցվածքներ չեն եղել և ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը։ Այս պահի դրությամբ քաղաքացիական անձնաց շրջանում երկու զոհ ունենք, քննությունը շարունակվում է»,-նշեց Քյարամյանը՝ հավելելով, որ դեպք կա, երբ շտապօգնության մեքենան է թիրախավորվել։
Նա հայտնեց նաև, որ կատարված ուսումնասիրությունները տրամադրվելու են պետական և միջազգային իրավասու մարմիններին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։