Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել են Կութ, Նորաբակ, Սոթք, Վերին Շորժա, Ազատ բնակավայրերը։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։
«Այսօրվանից սկսվել են վնասների չափագրման աշխատանքները, որպեսզի արագացված տեմպերով դուրս բերվեն վնասների չափերը և բնակիչները փոխատուցվեն»,-նշեց նա՝ հավելելով, որ վնասները Կառավարությունն է փոխհատուցելու։
Մկրտչյանը հայտնեց, որ վաղվանից կվերակագնվի էլեկտրականությունը։ «Սոթքի, Կութի հատվածում գազատարն է վնասվել, էլեկտրականությունն է դադարեցվել»,-հայտնեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։