ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչները Երևանում կայացած մամլո ասուլիսում մեկնաբանել են Վաշինգտոնի կողմից Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելու հնարավորությունը և ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալու դեպքում ՀՀ անվտանգությունը երաշխավորելու ԱՄՆ պատրաստակամությունը:
ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին հարցին անդրադառնալով, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը նշեց՝ հասկանում են, որ Հայաստանն այդ անվտանգային այդ կազմակերպության` ՀԱՊԿ-ի մաս է:
«Մենք դրա հետ կապված որևէ բան չենք ասում: Սակայն այն, ինչ մենք ասում ենք, հետևյալն է. մենք մտահոգված ենք Հայաստանի անվտանգության առումով: Մենք ցանկանում ենք հնարավորինս ավելի աջակցել Հայաստանին այդ հարցում-ասել է Փալոնը:
Իր հերթին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նշել է. «Հայաստանի տարածքային անվտանգությունը, ինքիշխանությունը, ժողովրդավարությունը արժեք են և գնահատվում են ԱՄՆ-ում, և ԱՄՆ-ն այլ երկրների հետ իր հարաբերություններում պետք է օգտագործի իր լծակները՝ ցույց տալու, որ հայկական ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը առաջնային են»:
Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփեյերն իր հերթին հայտնել է, որ պալատում արդեն առաջարկվել է բանաձև, որով դատապարտվում են Ադրբեջանի գործողությունները: Նա հույս է հայտնել, որ բանաձևը տեղում չի դոփի. «Մենք կշարունակենք աջակցել տարածքային ամբողջականությանը և դեմ կլինենք Հայաստանի սահմանների ցանկացած փոփոխության»:
Պատասխանելով Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների կիրառման հնարավորության վերաբերյալ հարցին, Նենսի Փելոսին նշել է. «Այս վերջին իրադարձություններից զատ ԼՂ բնակչության, պատմամշակութային հուշակոթողների նկատմամաբ վերաբերմունքը վաղուց մեր ուշադրության կենտրոնում են: մենք շարունակելու են մեր այս երկար ճանապարհը՝ նման հարցերի ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ Փելոսիի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 17-ին: Սա պաշտոնյայի առաջին այցն է Հայաստան: Ըստ նրա գրասենյակի հաղորագրության՝ Փելոսին հանդիպում կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ: Հավելենք՝ նախօրեին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը վերադարձրել է հայ 32 զինվորականների մարմիններ: Ադրբեջանը հայտնել է իր կողմից 77 զոհի մասին:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։