Թշնամին բազմաթիվ խնդիրներ է փորձում լուծել: Առաջին խնդիրն է վերցնել գերիշխող բարձունքները և պատրաստել պլացդարմ՝ Հայաստանի վրա հաջորդ հարձակման համար: Այդ պլացդարմը պատրաստ է: Armenia Today-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի հերթական լայնամասշտաբ գործողություններին այս անգամ արդեն ՀՀ տարածքների վրա, նման կարծիք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:
«Երկրորդ խնդիրն ապագայում ջրային և ոսկու ռեսուրսներ վերցնելն է, երրորդը՝ շատ լուրջ հարված հասցնել հայկական բանակին, որպեսզի նրա մարտունակությունը նվազեցվի: Հաջորդ նպատակը կա՛մ խոցել, կա՛մ վերահսկողության տակ վերցնել Հայաստանի ճանապարհային և այլ ռազմավարական ենթակառուցվածքները և ստեղծել նոր բանակցային դիրք: Այս բոլոր քայլերն Արդբեջանը, մեծ հաշվով, արել է, բայց մի բան պարզ է. այս վերջին հարձակումը, եթե ամեն ինչ այսպես մնա, աննպատակ է լինելու, որովհետև մեծ հարց չեն լուծել: Նրանք լուծել են միջանկյալ հարցեր: Այսինքն՝ Հայաստանի վրա հարձակվելու ու նոր տարածքներ գրավելու հիմնական նպատակը մնում է Ադրբեջանի օրակարգում: Այս նպատակին դեռ չեն հասել և չի բացառվում, որ այդ ուղղությամբ կփորձեր կանեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Իսկ թե ինչպե՞ս է հնարավոր կանխել այս քայլերը՝ փորձագետն ընդգծեց. «Մենք տապալել ենք ասիական երկրների հետ հարաբերությունները, որն ուղղություններից մեկը կարող էր լինել: Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովն այդ ուղղություններից մեկը կարող էր դառնալ, որին մասնակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկեց: Այդ ուղղությունը բաց թողնելը մեծ սխալ էր: Իսկ այն խաղերը, որոնք արվել են վերջին շաբաթվա ընթացքում արևմտյան ուղղությամբ, ոչ մի առարկայական արդյունք չեն տալու, ինչը պետք է գիտակցել»:
Վերոնշյալը հաշվի առնելով՝ Հրանտ Միքայելյանը նշեց, որ այս առումով շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել:
«Իհարկե, պետք է փորձենք կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հակառուսական քարոզչությունն արդեն շատ լուրջ վնաս է հասցրել Հայաստանի անվտանգությանը և ավելի մեծ վնաս կարող է հասցնել, քան կարող էր լինել: Եվ, մեծ հաշվով, շատ արագ պետք է ամրապնդել այն դիրքերը, որոնք կան: Մասնավորապես, պետք է ինժեներական աշխատանքներ կատարել և այլն: Լուծումները քիչ թե շատ պարզ են, բայց լուծումների նույն խնդիրն ունեինք նաև 2 տարի առաջ: Բայց քանի որ այս ամբողջ ընթացքում քաղաքականություն չփոխվեց, որևէ հույս չունեմ, որ հիմա ճիշտ քաղաքականություն կտարվի: Հայաստանն արդեն դատապարտված է, այս պահի դրությամբ ելքեր չեն երևում: Դրանք կարող են երևալ միայն քաղաքականության լուրջ փոփոխության դեպքում»,- հավելեց Հրանտ Միքայելյանը:
Քաղաքագետի խոսքով՝ մեծ հաշվով, պատերազմը դեռ չի ավարտվել, բայց լուրջ խնդիր ունենք: Նրա դիտարկմամբ՝ ժամանակը մսխվում է:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Հավելենք, որ այսօր Ադրբեջանը հայկական կողմին 95 հայ զինծառայողի դի է հանձնել, իչի մասին Armenia Today-ին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: