ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին այսօր հանդես է եկել տեսաուղերձով և հայտարարել, որ Ռուսաստանում հայտարարվում է մասնակի զորահավաք։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
ՌԴ նախագահի խոսքով՝ «զինվորական ծառայության զորակոչի կենթարկվեն միայն այն քաղաքացիները, որոնք ներկայումս գտնվում են պահեստազորում ու, առաջին հերթին նրանք, ովքեր ծառայել են, ունեն հատուկ զինվորական մասնագիտություն և համապատասխան փորձ»:
«Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ պաշտպանելու Ռուսաստանը և մեր ժողովրդին ՌԴ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում»,- ասել է ՌԴ նախագահը։
Վլադիմիր Պուտինը հիշեցրել է Արևմուտքին, որ Ռուսաստանը մի շարք բաղադրիչներով գերազանցում է օտարերկրյա ռազմական տեխնիկային։
«Խոսքը ոչ միայն Արևմուտքի կողմից խրախուսված Զապորոժյեի ատոմակայանի գնդակոծության մասին է, որը սպառնում է միջուկային աղետի, այլ նաև ՆԱՏՕ-ի որոշ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Ռուսաստանի դեմ միջուկային զենքի կիրառման վերաբերյալ հայտարարությունների մասին։ Նրանց, ովքեր իրենց թույլ են տալիս նման հայտարարություններ անել Ռուսաստանի վերաբերյալ, ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրն ունի նաև ոչնչացման տարբեր միջոցներ, որոշ բաղադրիչներով ավելի ժամանակակից, քան ՆԱՏՕ-ի երկրները»,- ասել է Պուտինը:
Պուտինը հավելել է, որ գործի է դրվել նաև միջուկային շանտաժը։ «Նման հայտարարություններ թույլ տվողներին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրն էլ ունի նման միջոցներ»։
Հավելենք, որ ՌԴ-ում մասնակի զորահավաքի գործընթացը կսկսվի արդեն այսօր։