ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ, որում, մասնավորապես, հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։
Բլինքենը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները գնահատում է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում ավելի մեծ կայունություն ապահովելու ջանքերին։
«Ցավակցում ենք վերջին հարձակումներում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ և փաստում, որ մենք հանձնառու ենք աշխատել ձեր և մյուս կողմերի հետ հակամարտության խաղաղ կարգավորման խթանման նպատակով»,- ասել է նա։
Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է երկկողմ հարաբերությունների և տնտեսական կապերի հետագա զարգացում։
«Խորհրդային Միությունից իր անկախությունը հռչակելուց հետո՝ ավելի քան 30 տարի մենք տեսել ենք Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, տնտեսության և արդարադատության ոլորտի զարգացման և ամրապնդման հարցերում։ Հպարտ ենք գործակցել Հայաստանի հետ այս ոլորտներում, որոնք մարմնավորում են մեր ընդհանուր արժեքները»,- ասված է ուղերձում։
ԱՄՆ պետքարտուղարը հայ ժողովրդին մաղթել է բարեկեցություն և խաղաղություն գալիք տարում։