Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 06:00-ին մի խումբ զինծառայողների հարազատներ բերման էին ենթարկվել ոստիկանություն: Նրանք գիշերել էին Եռաբլուրույմ, որպեսզի առավոտյան խոչընդոտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն: Սկսվել էր քաշքշուք ոստիկանների ու զոհերի հարազատների միջև, նրանց ուժով պոկել էին գերեզմաններից, որպեսզի Փաշինյանն այցելի պանթեոն:
Զինծառայողների հարազատները լրագրողների հետ զրույցում ասել էին, որ չեն ցանկանում, որ վարչապետն առհասարակ այցելի իրենց որդիների շիրիմներին: «Եթե որևէ մեկը եկավ ծաղիկ դնելու իմ տղայի գերեզմանին, նշանակում է՝ պղծում է այն»,- ասել է ծնողներից մեկը: Մեկ այլ զինծառայողի մայր էլ նշել է, որ հենց իրենց վարած քաղաքականության պատճառով են երիտասարդները պառկած հողի տակ: