Սևազգեստ մայրերի նկատմամբ բռնությանը, վիրավորանքը, արժանապատվությունը խոցող ցանկացած արտահայտություն արդեն իսկ անընդունելի է։ Armenia Today-ի հետ զրույցում, անդրադառնալով Եռաբլուրում երեկ տեղի ունեցածին, երբ բերման էին ենթարկվել, նաև բռնության ենթարկվել զոհված զինծառայողների ծնողները։
«Երեկ Անկախության օրն էր։ Այն կերտվել է այն անձանցով, ովքեր հանուն երկրի իրենց կյանքով են պահել ու շարունակում են պահել անկախությունը, ինքնիշխանությունը։ Անկախության օրը Եռաբլուրում էին այն ծնողները, որոնք իրենց զավակներին տվել են երկրին։ Ու նմանատիպ վարքը, նման բռնությունը, որն ցուցադրաբար արվեց Եռաբլուրում, առհասարակ անընդունելի է։ Առաջին հերթին կդիտարկեմ նախ բարոկայականության չափանիշների համատեքստում, որովհետև իրավական տեսանկյունից ամեն ինչ իր գնահատականը ու համապատասխան քրեական հոդվածն ունի, մասնավորապես՝ ուժի կիրառման, մարդկանց ապօրինի բերման ենթարկելու տեսանկյունից։ Բայց այն տեսարանը, որն ամբողջ հանրությունը տեսավ Եռաբլուրում, բարոյական հսկայական հարված էր այս պահին սահմանային լարվածություն և բախումներ ունեցող ժողովրդի համար, որը պայքարում է իր իսկ ինքնիշխանության համար»,-ասաց իրավապաշտպանը։
Իսկ թե ինչ իրավական գործընթացներ պետք է հետևեր կամ պետք է հետևի տեղի ունեցածի առումով՝ Զառա Հովհաննիսյանը շեշտեց․ «Նախ մենք գիտենք, որ ոստիկանությունը գործիք է քաղաքական իշխանության ձեռքին։ Այսինքն, որևէ գործողություն, որը հրահանգավորված չէ և պատվիրակված չէ կառավարության կողմից, որի ներքո գործում է ոստիկանությունը, չի կատարվի։ Նման իրավական գործընթացներ կարող են լինել պատահական անցորդների նկատմամբ բռնության գործադրումների մասով, բայց որդեկորույս մայրերի, ծնողների նկատմամբ կիրառված բռնության մասով պետք է հրահանգավորված քաղաքական որոշում լինի։ Այդպես եղել է նաև նախկին իշխանությունների ժամանակ, երբ որդեկորույս մայրերը Բաղրամյան 26-ի առջև ցույցեր էին իրականացնում, պահանջում իրենց որդիների սպանության առթիվ հարուցված քրեական գործերի արդարացի քննություն ու բռնության էին ենթարկվում։ Իսկ հիմա դրան ականատես եղանք էլ ավելի ծանրացուցիչ պայմաններում՝ հենց որդիների շիրիմների կողքից բերման ենթարկելու տեսքով»։
Մեր զրուցակիցը շեշտեց, որ մի շարք կառույցներ հստակ անելիքներ ունեն։
«Առաջին հերթին խոսքն Ազգային ժողովի մասին է, որը պետք է բռնության վերաբերյալ գնահատականներ հնչեցնի, ինչը չտեսանք ու չլսեցինք։ Այս պահին ԱԺ-ում մարդիկ են, ովքեր անցել են փողոցային պայքարի միջով ու նախկինում ամպագոռգոռ հայտարարություններ են արել, դատապարտել են, բայց հիմա լռությամբ հետևում են, թե ինչպես է բռնության ենթարկվում երկրի ժողովուրդը։ Երկրորդը ոստիկանապետի գնահատակն է, որը արագ պետք է հնչեր ու նաև պետք է հավաստիացումներ տրվեին առ այն, որ այլևս որդեկորույս ծնողների նկատմամբ որևէ բռնի գործողություն չի իրականացվելու։ Մենք նման իրավիճակի ականատես ենք եղել ոչ միայն նախկինում, այլև 44-օրյա պատերազմից հետո, երբ անհետ կորածների հարազատները, որդեկորույս մայրերը և հայրերը գալիս, կանգնում էին կառավարության շենքի դիմաց ու այնտեղից դարձյալ բռնի գործողություների միջոցով բերման էին ենթարկվում։ Հիմա վերջին դեպքը ևս ապացուցում է այն փաստը, որ որևէ հարգանք չկա այն մարդկանց հանդեպ, որոնք վշտի մեջ են, որոնք զավակի կորուստ են ունեցել, ինչն ամենածանրն է»,-շեշտեց նա։
Իրավապաշտպանը նշեց նաև Դատախազության արձագանքի անհրաժեշտության մասին․ «Մենք ունենք նոր կին դատախազ, որի համար նախ ոչ թե իրավական, ոչ թե ի պաշտոնե, այլ բարոյական առումով մայրերի նկատմամբ նման գործողությունը պետք է անընդունելի լիներ։ Բացի այդ, Դատախազությունը շտապ պետք է նյութեր հավաքեր կամ առնվազն հայտարարեր, որ նյութեր են հավաքագրվում ու շտապ քրեական գործեր հարուցվեին։ Մենք նշված բոլոր գործողություններից որևէ մեկը չենք տեսնում, ինչը նշանակում է, որ կա հստակ քաղաքական որոշում, որը հնչել է կառավարությունից և մնացած բոլորը ենթարկվում են այդ որոշմանը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում:
Հավելենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 06:00-ին մի խումբ զինծառայողների հարազատներ բերման էին ենթարկվել ոստիկանություն: Նրանք գիշերել էին Եռաբլուրույմ, որպեսզի առավոտյան խոչընդոտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն: Սկսվել էր քաշքշուք ոստիկանների ու զոհերի հարազատների միջև, նրանց ուժով պոկել էին գերեզմաններից, որպեսզի Փաշինյանն այցելի պանթեոն: Եռաբլուրից բերման էին ենթարկվել երեք տասնյակից ավելի քաղաքացիներ, զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսը նաև մարմնական վնասվածքներ էին ստացել։ Զինծառայողների հարազատները լրագրողների հետ զրույցում ասել էին, որ չեն ցանկանում, որ վարչապետն առհասարակ այցելի իրենց որդիների շիրիմներին: «Եթե որևէ մեկը եկավ ծաղիկ դնելու իմ տղայի գերեզմանին, նշանակում է՝ պղծում է այն»,- ասել է ծնողներից մեկը:
Աննա Բադալյան