Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Ստեփանակերտի օրվա առթիվ։ Նա նշել է, որ Արցախի մայրաքաղաքն իր հերոսական անցյալով միանշանակ արժանի է տոնական՝ գունագեղ հանդերձանքի, հետաքրքիր միջոցառումների, սակայն 2020թ. սեպտեմբերի 27-ն անխուսափելի փոփոխություններ պարտադրեց:
«Տոնական միջոցառումներից ձեռնպահ մնալով հանդերձ` այսօր պարտավոր ենք կրկնակի ու եռակի ջանքեր ուղղել հերոսների կյանքի գնով պաշտպանված մեր հայրենիքի այս փոքրիկ պատառիկը շենացնելուն, ամրացնելուն։
Պարտավոր ենք հանուն մեր նահատակների հիշատակի, պարտավոր ենք հանուն գալիք սերունդների։ Այդ խորդուբորդ, բայց և պատվաբեր ուղին ենք ընտրել 1990-ականներից ի վեր։ Անցնող ամեն օրը նշանավորվում է մայրաքաղաքի դիմագծում ևս մեկ երանգ ավելացնելով՝ ևս մեկ շենք կառուցելով, ևս մեկ փողոց բարեկարգելով, քաղաքային միջավայրը ևս մեկ նոր հնարավորությամբ համալրելով»,- նշել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ պատերազմից հետո Ստեփանակերտի բնակչության թիվը կտրուկ աճել է։ Արցախի օկուպացված բնակավայրերից տեղահանված հազարավոր հայրենակիցներ Ստեփանակերտում են ապաստան գտել։
«Մենք բոլորին ընդունել ենք գրկաբաց։ Վստահ ենք՝ կգա օրը և կկատարվի նրանց երազանքը. յուրաքանչյուրն իր հարազատ օջախը վերադառնալու հնարավորություն կունենա: Իսկ մինչ այդ կանենք ամեն ինչ, որ քաղաքի ենթակառուցվածքները արդիականացնենք, հզորացնենք` չնախատեսված ծանրաբեռնվածությունը հաղթահարելու, մայրաքաղաքի բնականոն կյանքը չխաթարելու համար»,- ասել է Դավիթ Սարգսյանը։
Քաղաքապետն իր երախտագիտությունն է հայտնել համայնքային ընկերություններին ու գործընկեր բազմաթիվ կազմակերպություններին՝ քաղաքի կենսագործունեությունն ապահովելու համար։
«Խունկ ու խոնարհում մեր հերոսների հիշատակին, որոնք գիտակցաբար իրենց կյանքը զոհասեղանին դրեցին նաև հանուն Ստեփանակերտի։ Սիրելի՛ հայրենակիցներ, մեր մշակույթների ու դարաշրջանների խաչմերուկ քաղաքը դեռ կտոնի իր օրը խինդուծիծաղով, երգուպարով: Յուրաքանչյուրս՝ մեր տեղում և ամենայն պատասխանատվությամբ, պարզապես պետք է հնարավորն անենք այդ օրը մոտեցնելու համար։ Շնորհավո՜ր տոնդ, Արցախի քաղաքամայր, մեր սրտի քաղաք Ստեփանակե՛րտ»,- ասված է ուղերձում: