Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները առաջին անգամ այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին: Տեսակցության վերաբերյալ տեղեկությունը «Լուրերին» հաստատել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են գերեվարված անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին, օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ: Նշենք, որ Հայաստանի դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բաքվին մինչև սեպտեմբերի 22-ը վերջնաժամկետ էր տվել՝ պարտավորեցնելով տվյալներ ներկայացնել իր հսկողության տակ հայտնված հայ զինծառայողների վերաբերյալ: Այդ առնչությամբ դեռևս տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: