Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը։ Ադրբեջանական ԶՈւ-ն, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, ինչպես նաև վարձկանների ներգրավմամբ, այդ օրվանից սկսեց ռմբակոծել Արցախի բնակավայրերը՝ մայրաքաղաք Ստեփանակերտից մինչև այլ քաղաքներ ու գյուղեր։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիայի դիմեց, որն ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ կապիտուլացիոն համաձայնագրով։ Արցախի Հանրապետությանը ռազմական աջակցություն է ցուցաբերել Հայաստանը, Ադրբեջանին՝ Թուրքիան։ Պատերազմը 1988 թվականին սկսված արցախյան հակամարտության հերթական էսկալացիան է, և ամենաարյունալին՝ առաջին պատերազմից հետո։
Մարտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Մարտական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10-ին։ Ի պատասխան պատերազմի՝ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանի որոշ շրջաններում սկզբում հայտարարվել է ռազմական դրություն և պարետային ժամ, ապա ընդհանուր զորահավաք։
Ադրբեջանական ԶՈւ-ն, Արցախի դեմ մղված պատերազմի ողջ ընթացքում կիրառում էր չթույլատրված զինատեսակներ, այդ թվում քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Առկա են բազմաթիվ իրեղեն ապացույցներ, որ թշնամին խոշտանգում է հայ գերիներին։
Չնայած ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությանը՝ Ադրբեջանը խախտում էր այն։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն էին ստորագրել։ Հայկական կողմը կորցրեց Արցախի 7 շրջան, Շուշին ու Հադրութը։ Այդ գիշեր Ռուսաստանը ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով մոտ 2 հազար խաղաղապահ և 470 միավոր զինտեխնիկա ուղարկեց Արցախ։ Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման վերահսկողության համար ռուսական դիտակետերը տեղակայվեցին Արցախի և Ադրբեջանի սահմանի, ինչպես նաև Հայաստանն ու Արցախը միացնող Լաչինի միջանցքի երկայնքով:
Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց ընդհանուր թիվն անցնում է 4000-ը։ ՀՀ ՄԻՊ-ի՝ 2022թ․ ներկայացված տվյալներին համաձայն՝ 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում։ Այս տարվա հունիսին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Armenia Today-ի թղթակցի՝ գերիների վերաբերյալ հարցին՝ հայտարարեց, որ Հայկական կողմն ունի ռազմագերիների երկու ցուցակ. պաշտոնական՝ 38 հաստատված ռազմագերիներով և անհայտ կորածների ցուցակով։
Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությանը, անգամ 2 տարի անց ադրբեջանական կողմը չի վերադարձնում բոլոր հայ ռազմագերիներին։ Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը, ռազմական ագրեսիայի դիմում նաև ՀՀ տարածքների նկատմամբ։ Այդ քաղաքականության հետևանքով հայկակակն կողմը երկու տարի անց դեռ շարունակում մարդկային, տարածքային կորուստներ ունենալ։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 2022թ․ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: