Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար զորքերի հետքաշումը ելման դիրքեր միակ հուսալի հիմքը կարող է լինել։ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք ելնում ենք նրանից, որ միայն քաղաքական, դիվանագիտական ջանքերը կարող են լուծման բերել»,-ասել է Կոպիրկինը:
Սերգեյ Կոպիրկինը հայտնել Է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի մշակման մասին․ «Որքանով ինձ հայտնի է, մշակվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ, որը կոչված է պատասխանելու Հայաստանում կազմակերպության ունեցած սպասելիքներին»։
Կոպիրկինն ընդգծել է, որ Ռուսաստանը հստակ արտահայտում է իր դիրքորոշումը ուժային մեթոդների վերաբերյալ, և քաղաքական-դիվանագիտական ճանապարհը միակն է առկա խնդիրների կարգավորման համար՝ արդեն ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա․ «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի դիրքորոշումն, իհարկե, քննադատել, բայց չընդունել, որ Ռուսաստանը, այդ թվում՝ ՌԴ բարձրագույն ղեկավարությունը, իսկապես շատ մեծ ջանքեր և նյութա-քաղաքական կապիտալ է ներդնում, ուղղակի անարդար կլիներ»,-ընդգծել է դեսպանը:
Նա հավելեց, որ Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքական կարգավորման գործընթացը, որը գործարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, շարունակվի՝ չնայած բոլոր խնդիրներին և հակասություններին: «Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, կողմերին աջակցում ենք ընդհանուր մոտեցումների հասնելու հարցում: Դա հեշտ չէ, դա մեծ ջանքեր է պահանջում, բայց մենք դա արել ենք և մտադիր ենք անել նաև հետագայում»,- նշեց ՌԴ դեսպանը:
Անդրադառնալով Հայաստանին ՌԴ-ից զենք մատակարարելու մասին հարցին, Կոպիրկինն ընդգծել է, որ պատրաստ չէ մեկնաբանել այդ թեման՝ հաշվի առնելով դրա զգայուն լինելը: «Դա պետք է անեն պրոֆեսիոնալները, բայց դա ոլորտ է, որը մեր դաշնակցային հարաբերությունների մասն է»,- ասել է դեսպանը:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմի ձեռնարկած սադրանքի հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: