Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական սոցիալական հարթակներով տարածվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին կանխամտածված սպանելու տեսանյութ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից՝ անդրադառնալով հայ գերիների դաժանաբար գնդակահարելու տեսանյութին:
ՄԻՊ-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
«Տեսանյութի իսկությունն այս պահին պարզել ենք. այն նոր է, դեպքը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում։ Փաստը հաստատվում է տեղանքի ուսումնասիրության, տեսանյութերի մեր և այլ շտեմարաներում առկա համանման տեսանյութերի հետ համադրությամբ, ինչպես նաև եղանակային պայմանների, զինծառայողների համազգեստի, ադրբեջանցի ծառայողների խոսակցության և այլ պարամետրերի համալիր համադրությամբ։
Սա ադրբեջանական զինուժի կողմից իրականացված հերթական պատերազմական հանցագործությունն է, որի աղբյուրը հայատյացության հետևողական քաղաքականությունն է, որն իրականացվում է Ադրբեջանի կողմից՝ դրսևորվելով կրթական բովանդակությունից սկսած հանրային կյանքի բոլոր ոլորտներում և հենց այդ երկրի նախագահի հայտարարություններում։ Այս արձանագրություններն ի դեպ նաև արված են ՄԱԿ Ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի՝ վերջերս Ադրբեջանի վերաբերյալ հրապարակված զեկույցում»,-նշված է ՄԻՊ հայտարարության մեջ:
Այս տեսանյութը, ի թիվս մյուսների, կներառվի Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում և կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին։
«Այսօր ՄԱԿ օրացույցում նշվում է «Բռնության դեմ պայքարի օրը», սակայն պատերազմական այս հանցագործություններին հարցի վերաբերյալ միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կառույցների ոչ համարժեք արձագանքը ցավոք ՄԱԿ օրացույցում միայն նման նոր օրեր լրացնելու ռիսկ է պարունակում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր արբեջանական կողմը հայ մի խումբ գերիների գնդակահարելու տեսանյութ էր հրապարակել: Armenia Today-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը նշել էր, որ տեսանյութի իսկության մասով կասկած չկա՝ հավելելով, որ այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը: ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ մի շարք տեսանյութեր Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից կատարած պատերազմական հանցագործությունների մասին են փաստում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կօգտագործի հետաքննությունն ապահովելու և պատասխանատվության ենթարկելու բոլոր հասանելի միջազգային մեխանիզմները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: