ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը երկրորդ անգամ չի կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Այս մասին Փաշինյանը գրել է Twitter-ի իր էջում։
«Առաջին դեպքը մայիսին էր, երբ Բրյուսելում խոստում տրվեց, իսկ երկրորդը՝ հիմա, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվեց մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակել 17 հայ ռազմագերիների»,- գրել է Փաշինյանը։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ 17 հայ ռազմագերիների ազատ արձակելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպումը, նշել է Գրիգորյանը, նախաձեռնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Ավելի վաղ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, որը ներկայացնում է հայ գերիների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, հայտնել էր, Ադրբեջանում պահվող գերիների թիվը մինչև սեպտեմբերի 13-ը պաշտոնապես 33 էր, իսկ վերջին ռազմական գործողություններից հետո ունենք շուրջ 20 նոր գերի։