Աղվան Հովսեփյանին հանցակցելու դրվագով Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Վրեժ Մարկոսյանին մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքը կատարելու համար, որ նա, ՀՀ գլխավոր դատախազի, այնուհետև՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոններն զբաղեցրած Աղվան Հովսեփյանի դրդմամբ, 2017 թվականի ապրիլի 10-ին վատնել էր Վարշամ Ղարիբյանի կողմից իրեն վստահված Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Գ1 թաղամասի թիվ 29/11 հասցեում գտնվող 3,0078 հեկտար մակերեսով առանձնապես խոշոր չափերով՝ 672.400.000 ՀՀ դրամ արժողությամբ հողամասը՝ այն համապատասխան պայմանագրով նվիրաբերելով Աղվան Հովսեփյանի որդուն՝ Արմեն Հովսեփյանին, որի սեփականության իրավունքն այդ հողամասի նկատմամբ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գրանցվել է նույն թվականի ապրիլի 13-ին:
Մարկոսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 տարի 4 ամիս ժամկետով։ Կիրառել 01.11.2018թ. ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը և Վ. Մարկոսյանին պատժից ազատել:
Արդյունքում` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 3-ի դատավճռով Վ.Մարկոսյանը մեղավոր է ճանաչվել համապատասխան հանցանքի կատարման մեջ, նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկում և, 01.11.2018թ. ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի կիրառմամբ, նա պատժից ազատվել է: Տուժողը Մարկոսյանի նկատմամբ պահանջ չի ներկայացրել: