ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը:
«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է իմ թեկնածությունը։ ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ՀՀ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։
Ըստ այդմ, տեղեկացնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն, ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի, դիմում եմ ներկայացրել կուսակցության անդամակցությունս դադարեցնելու մասին։ Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունս այլև դադարեցված է։
Տեղեկացնեմ նաև, որ այսօր նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին եմ ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և պատգամավորի պաշտոնից հրաժարականիս դիմումները»,- գրել է Վահագն Հովակիմյանը։
ԱԺ-ից Armenia Today-ին ասացին, որ դիմում ստացել են, սակայն բովանդակությանը չեն կարողանում ծանոթանալ, քանի որ մեծ վթարի պատճառով խափանվել է կայքի սերվերը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ն կողմնորոշվել է ԿԸՀ նախագահի թեկնածուի հարցում: ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին, նա այդ պաշտոնում է 11 տարի։
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ն պետք է նոր նախագահ ունենա մինչեւ հոկտեմբերի 12-ը: ԿԸՀ նախագահի թեկնածուին կներկայացնեն նախ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին, որտեղ հաստատում անցնելուց հետո հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստի ժամանակ, ապա կլինի փակ քվեարկություն: