Հոկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում հանդիպել եմ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հանդիպմանը ներկայացրել եմ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքով ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի պահանջել Ադրբեջանից անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից:
Ներկայացրել եմ նաև ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների մանրամասները: Այս համատեքստում խոսել եմ նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին, որոնց մի մասի վերաբերյալ ներկաները տեղեկացված են եղել:
Խոսել եմ նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ՀՀ պաշտպանական համակարգի ժողովրդավարական կառավարման, Հայաստանի ժողովրդավարացման արտաքին սպառնալիքների մասին և պատասխանել ներկաների հարցերին», – հայտնել է նա։