Երևանն ու Մոսկվան հերքում են ՀՀ-ն միութենական պետության կամ Ռուսաստանի մաս դարձնելու ռուսական հավակնությունները:
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկելու ենթակա չեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի հոդվածին:
«Մենք որևիցե պահանջ չենք ընդունել, որևիցե փաստաթուղթ չկա, անընդհատ հղում կատարելով տարբեր լրատվամիջոցների՝ չի կարելի նույն հարցը տալ: Չկա որևիցե նախապայման»,- ասաց նա:
«Հաճախ խոսում են, թե էս մեկին սիրում է, էն մեկին չի սիրում, այդ «սեր» հասկացությունն էական բան չէ և պետություններն ունեն իրենց շահերը և այդ շահերն առաջ են տանելու։ Այլ հարց է, թե ինչպես մենք կկարողանանք այդ շահերին դիմակայել, ինչ հակակշիռներ կգտնենք, ինչ ելքեր կգտնենք այդ իրավիճակից դուրս գալու: Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ մենք առավելագույնն անում ենք և շարունակելու ենք անել»,- շեշտեց Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այդ լուրերը բացարձակ անհեթեթություն են:
Հիշեցնենք, որ ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։