Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և ԱՊՀ նպատակների և սկզբունքների վերաբերյալ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, «որոնցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Այս մասին, ըստ ՀՀ կառավարության մամուլի ծառայության, ասված է Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ։
«Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատող հանձնաժողովների աշխատանքի համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի կունենա Բրյուսելում մինչև հոկտեմբերի վերջ։
Հայաստանը նաև համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Ըստ հաղորդագրության, Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշված առաքելության հետ այնքանով, որքանով դա կվերաբերի իրեն։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում քառակողմ բանակցությունների 2 փուլ էր տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների միջև։ Գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ բանակցություններ են տեղի ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։