ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ևս մեկ անգամ հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները, սակայն, նրա գնահատականներով, Ադրբեջանը կրկին բացասաբար է արձագանքել։ Այս մասին նա գրառել է Twitter-յան իր միկրոբլոգում:
«Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները։ Ադրբեջանը կրկին դրական չարձագանքեց: Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները՝ մեր ինքնիշխանությանն ու օրենսդրությանը լիովին համապատասխան»,- գրել է Փաշինյանը։
Ավելի վաղ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցությունների շրջանակում խնդիրը ճանապարհների օգտագործման կարգի շուրջ համաձայնության գալն է, մասնավորապես՝ անձնագրային և մաքսային հսկողության կարգի մասին։
Հարցի լուծման տարբերակներից մեկը, ըստ Փաշինյանի, սահմանին ռուս սահմանապահների տեղակայումն է, բայց եթե նրանք ադրբեջանական կողմի սահմանին չլինեն, այդ սկզբունքը կխախտվի։ Նա չբացառեց նաեւ, որ սահմանը հատելու դեպքում համապատասխան կնիք չդրվի երկու երկրների քաղաքացիների անձնագրերում, նաեւ նշեց մուտքի ու ելքի ժամանակ կտրոն տալու հնարավորությունը։
Փաշինյանը նաև հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ ծառայությունը վերահսկողություն է իրականացնում տրանսպորտային միջոցների տեղաշարժի նկատմամբ։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ թվիթերյան իր գրառմամբ հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության հաստատման և կայուն դեէսկալացիայի ակտիվացման փուլում։
«Սկզբունքորեն համաձայնություն է ձեռք բերվել ԵՄ քաղաքացիական առաքելության վերաբերյալ. դա կօգնի վստահության ձևավորմանը և կաջակցի սահմանային հանձնաժողովների աշխատանքին, որոնք կհանդիպեն մինչև հոկտեմբերի վերջ՝ Բրյուսելում»,- գրել է Միշելը: