«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից գրեթե 2 ամիս անց վերջապես սեփականատերը քանդել է պայթյունի հետևանքով մասնակի փլուզված շենքը: Տարածքն արդեն մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել, նաև վերականգնվել է Քրիստափորի փողոցի երկկողմանի երթևեկությունը: Սակայն «Փեթակ» ԱԿ-ն շարունակում է փակ մնալ:
Իսկ ինչու փակվեց «Փեթակ»-ը և ի՞նչ են պահանջում տաղավարների` առանց եկամուտների մնացած տերերը:
Հոկտեմբերի 7-ին, «Փեթակ»-ի աշխատակիցները սովորականի պես եկել էին աշխատանքի, բայց անակնկալի եկել՝ տեսնելով, որ այն փակ է: Առևտրականները տեղափոխվել էին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով պարզաբանումներ:
«Բռնել 2021 թվականի ստուգման հիման վրա «Փեթակ» են փակել»,- ասում են առևտրականները:
Ավելի ուշ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարզաբանում էր ներկայացրել «Փեթակ» ՍՊԸ-ի աշխատանքները դադարեցնելու որոշում կայացնելու մասին: Նրանք որոշումը հիմնավորում էին նախորդ տարի իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրված խախտումները վերացնելու վերաբերյալ պահանջներն ամբողջությամբ չկատարվելով: Նշում էին, որ խախտումները չեն վերացվել։
Իսկ ինչից սկսվեց այս պատմությունը, ինչո՞ւ տեսչական մարմինը որոշեց նորից ստուգումներ անցկացնել «Փեթակ»-ի կենտրոնում, որը գտնվում է «Սուրմալու»-ի հետ կողք կողքի:
Հիշեցնենք, որ դեռ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր պայթյունից հետո սկսվեցին խոսակցությունները, որ առևտրի կենտրոնում չեն պահպանվել անվտանգության կանոնները, ավելին՝ տեսչական մարմինը ժամկետ էր տվել Սուրմալու առևտրի կենտրոնի սեփականատիրոջը՝ խախտումները վերացնելու համար, սակայն հետևողական չէր եղել, որպեսզի ստուգեր՝ արդյոք աշխատանքը կատարվեց, թե ոչ:
Եվ գրեթե 2 ամիս «Սուրմալու»-ի տարածքից չէին մաքրվում փլատակների հետքերը, չէր ապամոնտաժվում վթարային վիճակում գտնվող շինությունը:
Սեպտեմբերի 21-ին վնասված շինությունն ուժեղ քամուց մասնակի փլուզվել էր, երեք տուժած տեղափոխվել հիվանդանոց:
Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներն էլ պետության կողմից աջակցություն չստացան:
«Եթե այս միջավայրում աշխատող գործարարները ապահովագրած լինեին իրենց գույքը, այդ ծառայությունը հասանելի էր, այդ դեպքում հատուցելի կլիներ»,- լրագրողների հետ զրույցում նշել էր էկոնոմիկայի նախարարար Վահան Քերոբյանը։
Օրերս հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը շտապ քանդման թույլտվություն է տվել սեփականատիրոջը:
Armenia Today-ին Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լևոն Սարդարյանը հայտնել էր, քանդման աշխատանք կիրականացնի մասնավոր ընկերությունը:
ԱԻՆ-ից հավաստիացրել էին, որ եթե ապամոնտաժման արդյունքում ԱԻՆ-ի օգնությունը պետք լինի, պատրաստ են աջակցել:
Հիշեցնենք, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները սեպտեմբերի 10-ին ևս բողոքի ակցիա-գործադուլ էին կազմակերպել: Աշխատանքի վերադառնալու մեջ իմաստ չէին տեսնում. «Սուրմալու»-ի պայթյունից հետո Քրիստափորի փողոցը միակողմանի փակ էր, Տիգրան Մեծ փողոցի կողմից հնարավոր չէ մոտենալ առևտրի կենտրոնին, մեքենաները կայանելու տեղ էլ չունեին, սանիտարահիգիենիկ վիճակը, կուտակված աղբի պատճառով, խիստ անհրապույր էր, ինչից առևտուրը տուժում էր։ Հավաքվածները պահանջում էին ճանապարհը երկկողմանի բացել: Հնարավորություն տալ իրենց օրվա հացը վաստակել: Առջևում ամսվա վարձերն են, ինչպես են փակելու՝ չգիտեն: Առևտրի կենտրոնի աշխատակիցների խոսքով՝ «Yandex.Maps»-ը ցույց է տալիս, որ փողոցը փակ կմնա մինչև դեկտեմբերի 31-ը, ինչն էլ ավելի է շփոթեցրել նրանց։
Սակայն խնդիրը միայն առևտրին փակ փողոցով խոչընդոտելը չէ: Գործադուլը նաև տաղավարների գներն իջեցնելու նպատակ ուներ. ցանկանում էին հանդիպել տնօրենների ու պետական այրերի հետ:
«Գործադուլը նրա համար է, որ տեղի փողերն իջեցնեն, ճանապարհը բացեն՝ այս մարդիկ աշխատեն: Այն շատ-շատ բաների համար է»,- ասացին ակցիայի մասնակիցները:
Մեր հարցին, թե գուցե գնորդները «Սուրմալու»֊ի պայթյունից հետո վախենո՞ւմ են առևտրի կենտրոն հաճախել, ցուցարարները հակադարձեցին:
«Առևտրի կենտրոնում 15 000 մարդ է աշխատում, այս մարդկանցից ոչ մեկի ոչինչ չի եղել»,- ասացին ցուցարարները:
Մեր նկարահանման ժամանակ Փեթակում կային թե բաց, թե փակ տաղավարներ, սակայն ոմանք ասում են, թե պարզապես եկել են այլ աշխատանք անելու:
«Եթե ես չաշխատեմ, ո՞ւմ եմ վնաս տալու, մենակ ինձ»,- ասաց առևտրականներից մեկը՝ նշելով, որ պետք է հարցով համապատասխան մարմինները զբաղվեն, չաշխատելով չի լինի:
Հավելենք, որ օրերս անգամ պաշտոնանկություններ եղան: Մասնավորապես ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շաբազյանն ազատվեց պաշտոնից, որին հետևեց տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի ազատումը: Նշենք, որ այս ազատումները կապված են հենց Սուրմալուի պայթյունի հետ. ղեկավարները թերացել են իրենց աշխատանքներում:
Հուսանք առաջիկայում կվերացվեն բոլոր խախտումները և առևտրի կենտրոնները կգործեն անվտանգության կանոններին համապատասխան՝ չվտանգելով ոչ մեկի կյանքը: