Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանին առաջիկայում բավական լուրջ մեղադրանք կառաջադրվի, գրում է «Իրավունք»-ը՝ վկայակոչելով քննչական մարմինների աղբյուրը։
Պարբերականը հայտնում է, որ Գասպարյանն արդեն մի քանի անգամ վկայի կարգավիճակով հրավիրվել է հարցաքննության։ Նշվում է, որ մեղադրանք է առաջադրվելու նաև Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին՝ նրան «կփորձեն մեղադրել» Ջաբրայիլի հանձնման համար։
Օնիկ Գասպարյանն ազատվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից 2021 թվականի մարտի 10-ին։ Գասպարյանի հարաբերությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սրվեցին այն բանից հետո, երբ 2021 թվականի փետրվարին Գլխավոր շտաբը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Հայտարարությունն ստորագրել էին Գլխավոր շտաբի ողջ ղեկավարությունը, այդ թվում՝ պետ Օնիկ Գասպարյանը, ինչպես նաև խոշոր զորամասերի հրամանատարներն ու բոլոր գերատեսչությունների ղեկավարները։