Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում, հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։
Այժմ արդեն քննարկվում են դրա իրականացման մանրամասները՝ քանիսն են լինելու, որ երկրներից, և երբ են ժամանելու Հայաստան։ Սակայն հստակ է, որ առաքելությունը կգա, «Ազատությանը» ասել է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը։
Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցած շաբաթ Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ ժամեր շարունակված բանակցությունների արդյունքում։ Բաքուն, որ մինչ այդ մերժել էր Հայաստանի հետ սահմանին զինված ուժեր տեղակայելու Եվրամիության առաջարկը, անզեն առաքելության դեպքում չէր ընդդիմացել, միաժամանակ ընդգծել էր, որ կհամագործակցի «այնքանով, որքանով որ առնչություն կունենա»:
Ըստ քառակողմ հայտարարության՝ այն պետք է սկսի աշխատանքը հոկտեմբերին և գործի երկու ամիս:
Դիվանագետները չեն բացառում, որ դիտորդների մի մասը Հայաստան կարող է գալ Վրաստանից, որտեղ Եվրամիությունն առաքելություն է տեղակայել 2008-ի սեպտեմբերից՝ ռուս – վրացական կարճատև պատերազմից հետո։