Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել է սեպտեմբերին Հայաստանի դեմ ագրեսիայի ընթացքում Բաքվի հետապնդած նպատակները, առկա մարտահրավերներին դիմակայելու համար Երևանի հնարավոր միջոցները, ինչպես նաև տարածաշրջանում իրադարձությունների հետագա ընթացքը:
Ի՞նչ խնդիրներ էր հետապնդում Ադրբեջանը սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ, և որքանո՞վ նրան հաջողվեց հասնել դրանց։
Փորձագետը նշել է, որ 2020թ.-ի պատերազմի ավարտից հետո իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանը կիրառում է ճնշման տարբեր ձևերի համադրման ռազմավարությունը։ Դրանց թվում դիսկուրսային ձևեր են, այսինքն՝ Բաքուն հայտարարում է, որ Ղարաբաղն ու ղարաբաղյան խնդիրը չկա, ամեն ինչ արդեն ավարտված է և այլն: Ճնշման դիվանագիտական ձևերը նախատեսում են ճնշում Հայաստանի վրա երրորդ երկրների միջոցով՝ ինչպիսիք են Ռուսաստանը, եվրոպական երկրները, Թուրքիան և այլն: Կիրառվում են նաև ռազմական միջոցներ՝ էսկալացիա, որոնք ժամանակ առ ժամանակ բռնկվում են, հրաձգություն սահմանին և այլն: Այս երեք միջոցների համադրությունը Հայաստանի վրա ճնշման ձև է, նշեց նա։
«Ադրբեջանը ցանկանում է մի քանի նպատակների հասնել՝ Բերձորի կամ Լաչինի միջանցքի խնդիրը, ինչին նա արդեն հասել է։ Երկրորդ նպատակը որոշակի բարձունքների, դիրքերի տիրապետումն է արդեն Հայաստանի տարածքում։ Երրորդ նպատակն, այպես կոչված, «միջանցք»-ի հարցն է, ադրբեջանական հռետորաբանությամբ՝ «Զանգեզուրի միջանցք» (Հայաստանում դա ընդունված է անվանել Մեղրիի միջոցով հաղորդակցություն), և չորրորդ նպատակը, այսպես կոչված, ադրբեջանական խմբագրությամբ խաղաղ պայմանագիրն է», – ասել է Իսկանդարյանը:
Նա նշել է, որ տարբեր հետազոտողներ վերջին էսկալացիայի հետ կապված տարբեր պատճառներ են տեսնում։ Հիմնականում համակարծիք են, որ ադրբեջանցիները ցանկանում են հասնել «Զանգեզուրի միջանցքին»՝ հենց միջանցքին, այլ ոչ թե պարզապես հաղորդակցությանը։
«Ես կարծում եմ, որ ադրբեջանցիները այն, ինչին իրենք ասում են խաղաղ պայմանագիր, իրենց ձգտումն է հասնել Հայաստանի կողմից փաստաթղթի ստորագրմանը, որում փաստացի գրված կլինի ոչ միայն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ճանաչումը, այլ նաև Ղարաբաղյան խնդրի ճանաչումը որպես Ադրբեջանի ներքին գործ», – ասաց Իսկանդարյանը՝ հիշեցնելով, որ վերջին էսկալացիան տեղի է ունեցել հենց Հայաստանի տարածքում։
Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանը Բաքվի կողմից ռազմական և դիվանագիտական ճնշումներին հակազդելու և զսպելու ուղղությամբ:
Փորձագետի խոսքով՝ դա չպետք է լինի ինչ-որ առանձին քայլ, այսինքն՝ բարդ հարցերին հեշտ պատասխաններ չկան։ «Դա պետք է լինի միջոցառումների մի համալիր, ես կարծում եմ, որ պետք է լինի հայկական պետության սուբյեկտության բարձրացում, որն իր մեջ ներառում է սահմանների ամրապնդում, պետական համապատասխան կառուցակարգերի ստեղծում, լուրջ բարեփոխումներ բանակում, մերիտոկրատիայի ներդրում, որպեսզի բանակում և պետական ապարատի այլ հատվածներում հավաքված մարդիկ ոչ թե աշխատեն իշխող ուժի հավատարմության, այլ կարողությունների հիման վրա», – ասաց նա:
Իսկանդարյանը նաև նշել է, որ Հայաստանը և՛ Արևմուտքում, և՛ Արևելքում պետք է դիվանագիտության աշխատանքներ տանի։ «Սա լավ փորձագիտական բազա կլինի և ելք Ռուսաստան – Արևմուտք պարադիգմից, այսինքն՝ բացի Ռուսաստանից և Արևմուտքից, գոյություն ունի նաև մնացած աշխարհը՝ Հնդկաստանը, Չինաստանը, Եգիպտոսը և այլն», – նշել է նա։
Փորձագետը նաև ընդգծել է ներքին կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը՝ նշելով, որ երկիրը շատ լուրջ իրավիճակում է ոչ միայն արտաքին, այլ նաև ներքաղաքական առումով և մեկը մյուսի հետ է կապված։ Միասին աշխատելու, այլ ոչ թե հասարակությունը աղճատելու անհրաժեշտությունը շատ կարևոր է բոլոր խնդիրների լուծման համար, նշել է նա։ «Այսինքն՝ դա պետք է լինի պետության սուբյեկտությունը բարձրացնելու ինչ-որ համալիր ծրագիր, որպեսզի այն կարողանա դիմադրել առկա մարտահրավերներին։ Ապա հնարավորություններ կբացվեն. ես չեմ ասում, որ այդ հնարավորությունները մեծ են, բայց հնարավորություն կարող ենք դիտարկել այն բարդ խնդիրները, որոնք գոյություն ունեն», – ասաց նա։
Հետագայում ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները տարածաշրջանում, և կկարողանա՞ արդյոք Բաքուն ինչ-որ պահի տիրանալ ցանկալի «միջանցքին»։
«Դա շատ հավանական է։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանն այսօր մտածում է դրան ռազմական ուժով տիրանալու մասին։ Եթե խնդիրը լիներ միայն ռազմական ուժի մեջ, այսինքն՝ պարզապես տարրական մաթեմատիկայից ելնելով՝ զինված մարդկանց և սպառազինության, Բայրակթարների քանակով, ապա դա տեխնիկական խնդիր կլիներ Ադրբեջանի համար։ Բայց քանի որ այնտեղ ներգրավված են նաև այլ պարադիգմեր՝ դիվանագիտական, միջազգային, ապա ես չեմ կարծում, որ դա այդպես կլինի։ Բայց Հայաստանից ինչ-որ ձևով հասնել այդ հաղորդակցության բացմանը, որը հայերը կանվանեն հաղորդակցություն, իսկ ադրբեջանցիները՝ միջանցք, դա շատ հավանական է, ինձ թվում է», – ասել է փորձագետը։
Նա ընդգծել է, որ իրականում Ադրբեջանը ցանկանում է բացել մի կոնկրետ ճանապարհ՝ Հայաստանը թողնելով շրջափակման մեջ։ «Այսինքն, որպեսզի ոչ թե բացվեն հաղորդակցությունները, ինչպես գրված է համաձայնագրում, այլ բացվի կոնկրետ հաղորդակցությունը, և մնացածը շարունակվի փակ լինել Հայաստանի համար, իսկ այդ ճանապարհն աշխատի Ադրբեջանի համար։ Դա Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհ չէ, այլ Ադրբեջանից Թուրքիա տանող ճանապարհ։ Այո, հավանաբար նրանք կարող են դրան հասնել», – ասել է Իսկանդարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։