Բացահայտվել են անհետ կորած զինծառայողի հարազատից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ Գյումրի քաղաքի բնակիչ Բ. Պ.-ն, տեղեկանալով, որ համաքաղաքացի Խ. Գ.-ի ազգականը 2022թ․ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորել է, նրանից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու և կաշառք տալուն դրդելու դիտավորությամբ, վերջինիս ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից՝ բարձրաստիճան պաշտոնատար անձին՝ ԱԱԾ գեներալին, կաշառք տալու դիմաց նշված զինծառայողին իբր գերությունից ազատելու և ՀՀ վերադարձնելու գործընթացը կազմակերպելու համար պահանջել է 5.000.000 ՀՀ դրամ գումար:
2022թ․ հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հսկողության ներքո Խ. Գ-ն պայմանավորված 5.000.000 ՀՀ դրամ գումարից 1.200.000 ՀՀ դրամը Գյումրի քաղաքում փոխանցել է Բ. Պ-ին, որից անմիջապես հետո վերջինս բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, որի ընթացքում «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության շրջանակներում Բ.Պ-ի մոտից հայտնաբերվել և վերցվել է նշված 1.200.000 ՀՀ դրամը:
Բ. Պ-ն ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում շարունակելու է հանցավոր դեպքերի բացահայտմանն ուղղված գործողությունները և քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ: